«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը այս պահին չունի ո՛չ գրասենյակ, ո՛չ սարքավորումներ. աշխատակիցներն օգտագործում են իրենց անձնական համակարգիչները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Հիմնադրամը փնտրում է մատչելի գնով շինություն, որտեղ հնարավոր կլինի գրասենյակը տեղակայել»,-նշեց նա։ Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամը չի պատրաստվում այդ նպատակով օգտագործել կառավարության շենքը:
Աննա Հակոբյանի հայտնեց, որ 11 աշխատակիցները տեղավորվել են ԱՕՔՍ-ի շենքում։ Վարչապետի տիկինը նաեւ հստակեցրեց՝ ինքն է միայն Բաղրամյան 26-ից տեղափոխվել կառավարություն:
«Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն եւ ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղավորվելու հարց չի քննարկվում: Մենք փորձում ենք ուղղակի մեզ համար տարածք գտնել՝ նաեւ մատչելի, որովհետեւ մենք խնայում ենք մեզ վստահված յուրաքանչուր լուման: Բարդությունը նրանում է, որ տարածքները շատ թանկ են, իսկ մենք շատ գումար չենք ուզում ծախսել տարածքների վրա, վարձակալության վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները իրենց նպատակին ծառայեցնել: Մենք անպայման կգտնենք», - ասաց նա:
Հարցին՝ կա՞ արդյոք մտադրություն հիմնադրամի հետագա աշխատանքները կազմակերպել Մաշտոցի փողոցում գտնվող՝ նախագահի նստավայրում, որը տեղափոխվում է Բաղրամյան 26, Հակոբյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»:











