2018թ. հոկտեմբերի 10–ին հրաժարական տված, սակայն 4 ամիս անց Ուրցաձորի համայնքապետ վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան հետևորդների թիվը վերջին օրերին կտրուկ ավելացել է։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում շատ անծանոթներ են հետաքրքրվում իրենով և Ուրցաձորով. պատճառը գյուղացիների որոշ մասի կողմից «մերժվելուց» հետո ընտրություններում տարած համոզիչ հաղթանակն է։ Ռաֆիկ Անդրեասյանի հետ զրուցել ենք Ուրցաձորում տիրող մթնոլորտի, իր հասցեին հնչած մեղադրանքների, հրաժարականից հետո համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կատարած աշխատանքի, խոշորացված համայնքի խնդիրների, Արարատի մարզպետի հետ հետագա աշխատանքի, համայնքի ինքնուրույնության և այլ հարցերի շուրջ։
Ի՞նչ մթնոլորտ է տիրում հետընտրական Ուրցաձորում. ի վերջո, համայնքը խաղաղվե՞ց։
Ես բազմիցս հայտարարել եմ՝ ընտրող–չընտրող ինձ համար կապ չունի, համայնքին վերաբերող ծրագրերը, որոնցում թերացել ենք, պետք է իրականություն դարձնենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ դժգոհության ալիքը դադարի և համայնքում համերաշխություն տիրի։ Այս չորս ամիսների ընթացքում ցայտուն երևաց, որ շատերը, ոչ թե գյուղի համար ինչ–որ բան էին ուզում անել, այլ աթոռակռիվ էին սարքել։ Մարդկանց աթոռ էր պետք, ասում էին՝ էս ի՞նչ աթոռի վրա է նստում, իշաոտնուկ էին ուզում դնել. բա փոխեին՝ դնեին աշխատեին, ես խանգարե՞լ եմ, որևէ մեկը չի խանգարել, թող աշխատեին։
Ձեր մրցակիցները շնորհավորե՞լ են ձեզ։
Շնորհավորանքները շատ են եղել, օրինակ՝ 5–րդ տեղը զբաղեցրած Սամվելի ընտրողների 80 տոկոսը նախկինում իմ ընտրողներն են եղել, բայց, քանի որ թեկնածուն իրենց բարեկամն էր՝ նրան էին ընտրել։ Երբ ընտրվեցի՝ նրանք եկան ինձ շնորհավորելու։ Ընտրություններից հետո ֆանատներ են հայտնվել, որոնց նախկինում չէի ճանաչում, այս ընթացքում ավելացել է նաև ֆեյսբուքյան հետևորդներիս թիվը։ Ուրցաձորն այնպիսի գյուղ չի եղել, որ չճանաչեին, բայց այս ընտրությունները ևս մեկ անգամ գյուղին ճանաչում բերեցին։
Ո՞վքեր են հետաքրքրված Ուրցաձորում, ընտրություններից հետո համայնքում կոնկրետ ծրագրեր իրականացնելու հետ կապված առաջարկներ եղե՞լ են։
Կարծում եմ, բոլորն էլ տեսան, որ Ուրցաձորում լեգիտիմ ընտրություններ են անցկացվել, և կարծում եմ կավելանան գյուղով հետաքրքրված դոնոր կազմակերպությունները, որոնք հաստատ իրենց լուման կներդնեն գյուղի զարգացման գործում։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ դաշտն ազատ է, համեցեք, ներդրումներ արեք Ուրցաձորում։
Չորս ամիս է անցել ձեր հրաժարականից. այս ընթացքում մտորե՞լ եք, թե ինչ հարցում էիք թերացել, որ հարուցել էիք բնակիչների մի մասի դժգոհությունը։
Ես չեմ թերացել, գնահատականներ կան, որոնք չի կարելի անտեսել։ 2015թ. Ուրցաձորը ճանաչվել է լավագույն մշակութային գյուղական համայնք, իսկ 2016թ.՝ լավագույն խոշորացված համայք։ Այսօր գյուղում գործում է օլիմպիական չափանիշներին համապատասխան բասկետբոլի, վոլեյբոլի և ֆուտբոլի խաղադաշտ, մնացածի մասին չեմ խոսում։
Ամիսներ առաջ ոստիկանությունում հաղորդում էր ներկայացվել գյուղի մանկապարտեզից ձեր կողմից 25 մլն դրամ յուրացնելու կապակցությամբ, ի վերջո ի՞նչ ընթացք ստացավ բողոքը։
Օրենքով սահմանված կարգով քննությունն ընթանում է։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ ես մի լումայից խաբար չեմ, բայց զրպարտության, ստի, կեղծիքի համար մարդը պետք է դատարանում պատասխան տա։ Քնությունը ավարտվի՝ բողոք կներկայացնեմ դատարան։ Դավիթ Սանասարյանն էլ եկավ, տեսավ, որ չարաշահումներ չկան, հայտարարեց, որ Ուրցաձորում չարաշահումներ չի հայտնաբերվել, կան ընդամենը դժգոհություններ։
2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո հիմնականում հրաժարականներ տվեցին այն գյուղապետերը, որոնց նույնացնում էին նախորդ իշխանությունների հետ։ Ձեր դեպքում էլ, բացի չարաշահումների մեղադրանքներից, ասում էին, որ 19 տարի աթոռից պոկ չեք գալիս։
Տարբեր ատյաններից մեղադրանքներ էին հնչում։ Ասում էին, որ այդ գյուղապետերը լեգիտիմ չեն ընտրված, ես էլ հրաժարական տվեցի, ասացի՝ կտեսնեք, որ լեգիտիմ եմ ընտրվել և դա ապացուցեցի։ Որ չընտրվեի էլ, մեծ դարդ չէի անի։ Մեկը որ պաշտոն է ուզում, ինչ անուն ասես կկպցնի. չորս ամիս է՝ համայնքի ղեկավարի պաշտոնում էր (հեղ. նկատի ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գևորգ Ավետիսյանը) իրեն հարցրեք՝ արածդ ու՞ր ա, գոնե հասկացե՞լ է՝ ինչ է նշանակում տարեկան աշխատանքային պլան, տեսե՞լ է, կարդացել է դա, գոնե գիտի՞, թե ինչքան գումար կար, համենայն դեպս, ես չեմ խանգարել, բայց որ գար՝ հարցներ, համենայն դեպս ես մի բարի խորհուրդ կտայի։
Ձեր կառավարման շուրջ 20 տարիների ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով ի՞նչ աշխատանքներ են կատարվել գյուղում։
Մենք հիմնականում աշխատել ենք դոնոր կազմակերպությունների հետ։ Այսօր Ուրցաձոր խոշորացված համայնքի երեք գյուղերը 97 տոկոսով լուսավորված են, և եթե հրաժարական չտայի, լուսավորությունը 100 տոկոսով կհասցնեինք ավարտին։ Ուրցաձորի դպրոցն ու նախակրթարանը բարվոք վիճակում են։ Մանկապարտեզը դեռևս չի համապատասխանում այն չափանիշներին, որը ես կցանկանայի տեսնել, որովհետև ես ուզում եմ, որ մեր երեխաներն ավելի լավ միջավայրում իրենց նախնական կրթությունը ստանան, սակայն դա էլ կլուծենք։
Ուզում եք ասել, որ ձեր հրաժարականից հետո գյուղը շեղվել է իր բնականոն զարգացման ընթացքի՞ց։
Այո, կային կարճաժամկետ ծրագրեր, որոնք իրականում չեն կատարվել, մեղքը գցել են ավագանու վրա, մինչդեռ ավագանու հաստատած ծրագրերը ևս չեն կատարել։ Օրինակ, խոշորացված համայնքի մեջ մտնող Շաղափում ադմինիստրատիվ շենքի ամրացման աշխատանքները նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2018թ. ավարտը, գումարը կար, սակայն չի իրականացվել։ Նախատեսված էր գազատար մոտեցնել Ուրցաձորի մանկապարտեզին, նախատեսվում էր մայթեզր կառուցել, դրանք էլ չեն արել։ Այս 4 ամսվա ընթացքում գյուղի զարգացման հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել։
Ձեր ղեկավարման շուրջ 20 տարիների ընթացքում տարբեր իշխանությունների հետ եք աշխատել, բայց մնացել եք անկուսակցական, հնարավո՞ր է ներկայումս որևէ կուսակցության անդամակցեք։
Իմ կուսակցությունն իմ գյուղն է։ Էնպես չի, որ ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ հոգեհարազատն իմ գյուղն է, ես դա եմ համարում կուսակցություն, որ մնամ ուրցաձորցի ի՞նչ կլինի։
Նախկին մարզպետների հետ աշխատելիս խնդիրներ ունեցե՞լ եք։
Եթե եղել են, ես համարել եմ, որ դրանք անձնավորված չեն, կապված են պետության հետ, ես էլ փորձել եմ մեր գյուղացիների շահեն ավելի շատ պաշտպանել։ Այսօր բազմաթիվ հերյուրանքներ են տարածում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասին, սակայն ինչ հարց, որ բարձրացրել եմ մեր համայնքի հետ կապված՝ մարդն ընդառաջել է, եթե ինչ–որ պաշտոնատար անձինք արգելքներ են ստեղծել, նա դրանք հարթել, է և մենք հասել ենք այդ նպատակին։ 2008թ. գյուղ եկող ճանապարհը գրեթե անանցանելի էր դարձել, Արցախյան պատերազմի տարիներին, երբ Երասխի ճանապարհը փակ էր,այստեղով են տանկերը գնացել Ղարաբաղ։ Այս հարցը բարձրացրել եմ Սերժ Սարգսյանի մոտ, և այսօր ունենք Սյունիք և Արցախ հասնելու այլընտրանքային նորոգված ճանապարհ։
Ուրցաձորի շուրջ վերջին խմորումներից հետո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։
Մենք աշխատելու ենք ի բարօրություն մեր համայնքների, մեր մարզի։ Ես պատրաստ եմ համագործակեցել գործող իշխանությունների հետ։
Ձեր աշխատանքով է պայմանավորված նաև մարզպետարանի աշխատանքի ցուցանիշները։ Ուրցաձորն այսօր ունի՞ բավարար ռեսուրսներ տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։
Համայնքում առկա ներկա իրավիճակն արձանագրեք, տարեվերջին եկեք՝ տեսեք թե արդյունքում ինչ կունենաք։ Ես 2018թ.ը անկումային եմ համարում, բայց վստահ եմ իմ ուժերի վրա՝ ես կհասցնեմ։
Այսօր համայնքների ինքնուրույնության անհրաժեշտություն տեսնու՞մ եք։
Այ էստեղ կռիվ եմ տալու, դա էլ է կարևոր, վաղուց ի վեր կռիվ եմ տալիս թե՛ համայնքների միությունում, թե՛ տարբեր համայնքներում. պահանջս մեկն է՝ համայնքներին պետք է տրվեն այն լիազորությունները, որոնք կային մինչև 1996թ., այլապես տեղական ինքնակառավարման իմաստը կկորի։ Ես կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի շատ լիազորություններ պետք է ունենան, ծառայություններն ավելի մոտ լինեն ազգաբնակչությանը։
Իսկ եթե փորձեն միջամտե՞լ համայնքի գործերին։
Խորհուրդ կտամ չմիջամտել, համենայն դեպս իմ աշխատած տարիներին ես չեմ միջամտել որևէ մեկի գործերին, հակառակը նստել ենք մի սեղանի շուրջ՝ որոշել ենք, որ եթե չենք խանգարում միմյանց՝ դա օգնություն է և առաջ ենք գնացել։ Ես գիտեմ, որ ցանկացած նորմալ մարզպետ կցանկանա, որ իր մարզի բնակավայրը շենանա, որովհետև դա նաև իր պատիվն է չէ՞։











