Մենք չէինք կարող ներկայացված տեսլականով կողմ քվեարկել Կառավարության ծրագրին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը նաեւ մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Լենա նազարյանի այն հայտարարությանը, որ ընդդիմությունը առաջին անգամ ազատ գործեց, քանի որ նրանց հորդորված չէր այսպես կամ այնպես քվեարկել եւ ասաց, որ իր կարծիքով այդ քննադատությունը ԲՀԿ-ին ուղղված չէր։
«Ես համաձայն չեմ, որ դա ուղղված էր ԲՀԿ-ին բայց կարող եմ նաեւ որպես ընդդիմության ներկայացուցիչ տվյալ հարցի վերաբերյալ տիկին Նազարյանի մեսիջը բացատրել, նաեւ հիմնավորել, որ բոլորովին այդպես չի եղել։ Մեր վերջին քվեարկությունը, նախորդի ժամանակ մենք նույնպես բոլոր կետերով վերլուծել ենք եւ դեմ ենք քվեարկել մի պարզ պատճառով, որ բնականաբար եթե դու ընդդիմություն ես եւ քո ծրագրային կետերն ընդգրկված չեն իշխանության կետերում, դու չես կարող կողմ քվեարկել, որտեղ քո ծրագիրը չկա։ Իսկ կոնկրետ դեպքում մենք 9 կետով ներկայացրեցինք առաջարկները, Կառավարությունը եւ Ազգային ժողովի նախագահն ընդգծեցին, որ այլեւես հնարավոր չէ ծրագիրը փոխել կամ լրացնել, բնականաբար մենք չէինք կարող այդ ներկայացված տեսլականով կողմ քվեարկել ծրագրին»,- ասաց նա։
Բագրատյանը նշեց, որ ԲՀԿ պատգամավորներն իրենց կարծիքն ազատ արտահայտել են եւ նախորդ կառավարության եւ այս Կառավարության ծրագրի վերաբերյալ։
«Իհարկե, մենք ավելի վստահ ենք եղել, որ ներկա Կառավարությունը ավելի ըմբռնումով կվերաբերվի մեր մոտեցումներին եւ իրապես այդպես է եղել, քանի որ ԲՀԿ առաջարկների վերաբերյալ Կառավարությունը որեւէ հակափաստարկ չբերեց, եւ մենք վստահ ենք, որ լռությունը համաձայնության նշան է, բայց եթե փաստաթղթում չկա, մենք պարտավոր ենք դեմ քվեարկել»,- հավելեց նա։











