Եթե այդքան հեշտ լիներ լուծում գտնել, այս տարիների ընթացքում թե նախկին իշխանությունները, թե գործողը անպայման համապարփակ լուծում գտած կլինեին. ինքը բարդ խնդիր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Նշենք, որ խոսքը վերաբերում է բանակում չծառայած եւ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելուն:
«Արդեն հասարակությունն էլ պետք է գիտակցի, որ խնդիրն արդեն ամբողջական լուծման եզրին է կանգնած եւ ամեն տարի հնարավորություն տալ, որ հեռացածները վերադառնան։ Չէ ո՞ր այս օրինագիծը ամեն անգամ ռեստարտ անելով մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց մտածելու, որ կարող են հանգիստ հեռանալ, գտնել սողանցքներ, խուսափել զինծառայությունից, հետո 27 տարին լրանալուց հետո վերադառնալ ու օգտվել այս հնարավորությունից: Ես էլ եմ ուզում, որ ՀՀ քաղաքացիները վերադառնան, բայց ես նաեւ ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք, որ բանակում չծառայելը լինի անհնար, դա լինի պատվաբեր: Որ դեռ տղա երեխան չծնված ծնողները մտածեն նրան երկրից հանելու մասին, այլ այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան անպայման ծառայի իր երկրի զինված ուժերում: Այս պահին որեւէ դեղատոմս չունեմ ձեզ ասելու, բայց նոր Կառավարությունը մտածում են խնդրի լուծման համար»,-հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն էլ պետք է մտածի սրա մասին:
Քոչարյանը նշեց, որ 10 հազար քաղաքացի այս պահին նման խնդրի առջեւ է կանգնել։
«Նրանցից շատերն էլ պետք է գիտակցեն, որ գալ եւ ծառայությունը շարունակելը այնուամենայնիվ ցանկալի է եւ ինչ–որ տեղ անհրաժեշտ է իրենց համար, որպես Հայաստանի ապագայով մտածող քաղաքացի»,–ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք այժմ հնարավորություն են տալիս մեղմել քրեական պատասխանատվություն ենթարկելը, կարծես յուրօրինակ համաներում են կիրառում։
«Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները վերադառնան եր լիարժեք մասնակցեն մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, գործընթացներին։ Մենք նպատակ ունենք այնպիսիս ֆունդամենտալ լուծում գտնել, որ ամեն տարի ստիպված չլինենք անդրադառնալ այս խնդրին»,– հավելեց նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։
Նա նաեւ նշեց, որ 2016-17 թվականներին դիմողները եղել են 619 հոգի, մուծված գումարը կազմել է 729 միլիոն դրամ։











