Երեւանի 81-ամյա բնակիչ Էդիսոն Ավագյանը 71 տարվա հոբբի ունի՝ աղավնիներ է պահում, կամ ինչպես ժողովուրդն է ասում, ղուշբաս է։
Էդիսոն պապիկը բազմաբնակարան շենքի բակում ինքնաշեն փոքրիկ տնակի մեջ 100 աղավնի է պահում։
«Աղավնի պահում եմ 1948 թվականից, սկզբում Կիրովաբադում եմ պահել, 1956 թվականին եկել եմ Երեւան, հետս բերել եմ աղավնիներին ու մինչեւ հիմա էլ պահում եմ։ Աղավնիներին ես պահում եմ իմ հաճույքի համար, շահույթի համար չեմ պահում։ Նրանք ինձ եռանդ են տալիս, նայի՝ 81 տարեկան եմ ու շատ առողջ եմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է նա։
Էդիսոն պապիկը 38 հազար դրամ թոշակից ամեն ամիս 10 հազար դրամը տրամադրում է աղավնիների համար կեր գնելուն։
81-ամյա «ղուշբասը» սրտնեղում է, որ երբեմն շենքի բնակիչները բողոքում են. «Ես ոչ մի բան չեմ անում, ոչ շվացնում եմ, ոչ քար եմ գցում, սենց նստում եմ։ Բա 81 տարեկան եմ, ինչո՞վ զբաղվեմ»։
81-ամյա պապիկին ամենից շատ վշտացնում են բազեները. «Ամենալավ ղշին, որ տանում ա բազեն, մի 2-3 օր ոնց որ լացեմ»,– ասում է Էդիսոն պապիկը՝ նշելով, որ բազեները տանում են ամենաաշխույժ, կենսունակ աղավնիներին, որոնք կարողանում են 7-8 ժամ ճախրել երկնքում։
Էդիսոն պապիկի կարծիքով՝ աղավնիներն իր երկարակեցության գաղտնիքն են. «Էս աղունիկը որ չլիներ, ես շուտվանից մահացել էի։ Ես նրանց հետ եմ առողջ եմ»։











