2018թ. 400–ով ավելացել է Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքների թիվը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ նշելով, որ այսօր դատարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։

«Այսօր ունենք 18 դատավոր, սակայն տարեցտարի վերաքննիչ բողոքների թիվն ավելանում է։ 2002 թ. սկսած՝ ամեն տարի 300-400 ով ավելանում է Վերաքննիչ ներկայացված բողոքների թիվը։ Դրանով պայմանավորված՝ մենք նախորդ տարի խնդրեցինք, և մեզ կարծես թե ընդառաջեցին և երկու դատավորի տեղ ավելացրեցին։»,–ասաց նա։

Ռշտունու խոսքով՝ ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նրանով, որ որոշ գործեր պետք է քննվեն կոլեգիալ կազմերով։

Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ արարքների ապաքրեականացման հետ կապված բողոքները Վերաքննիչ քրեական դատարանի կողմից պետք է քննվեն կոլեգիալ կազմով, ինչն ըստ նրա՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում։

«Սա քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված լրացուցիչ պարտականություն է, որը պետք է իրականացնի Վերաքննիչ քրեական դատարանը»,–ասաց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն էլ ՝ պատժի կատարման հետ կապված մի շարք հարցերի կապակցությամբ գործերը նույնպս պետք է քննվեն և լուծում ստանան կոլեգիալ կազմերի կողմից, ինչը նույնպես լրացուցիչ ծանրաբեռնվածություն է Վերաքննիչ դատարանի համար։