Ազգային անվտանգության ծառայությունում քննվում է քրեական գործ, որի շրջանակներում Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների՝ եղբայրներ Սամվել եւ Դավիթ Ադյանների եւ «Զորաշեն» ՍՊԸ–ի կապերն են ստուգվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Նարեկ Մալյանը։
«Նույն հիմնարկում շատ տարօրինակ կերպով Ադյան երկու եղբայրները նշանակվել են բարձրաստիճան պաշտոնի՝ մեկը վերահսկողության վարչության պետ, մյուսը գնումների վարչության պետ»,–նշեց նա։
Նարեկ Մալյանը վստահեցրեց՝ Ադյան երկու եղբայրների եւ «Զորաշեն» ՍՊԸ–ի կապերն անզեն աչքով երեւում են. «ԱԱԾ–ին ներկայացված գործում առկա են նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հիմնադիրների եւ Ադյան եղբայրների լուսանկարներ։ Լուսանկարներում իրենց ընտանեկան քեֆերն են։ Այդ առիթով Ադյան եղբայրները ֆեյսբուքում որոշ ժամանակով ջնջվել էին, փորձել էին հեռացնել նկարները, սակայն մեր ԱԱԾ–ն հասցրել է այս լուսանկարներն ունենալ»։
Նրա խոսքով՝ հիմա Ադյան եղբայրները պետք է ապացուցեն, թե դալաններ ներկող ՍՊԸ–ն ինչպես է կարողացել բժշկական նեղ մասնագիտական գործիքների տենդեռներ շահել, արդյոք այդ ընկերության ներկրած գործիքներն ու սարքավորումներն համապատասխանում են հիվանդների չափորոշիչներին։
«ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը երբ հայտարարում է, թե մենաշնորհների դեմ է պայքարում, քանի որ նա նման լիազորություն չունի, իսկ այժմ նրա պայքարը միայն հեմոդիալեզով հիվանդների դեմ է»,–եզրափակեց Նարեկ Մալյանը։











