Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում Բուզանդի 1/3 հասցեում գտնվող այդ տարածքը, դժվար է պատկերացնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի 1/3 հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։
«Առավոտյան 8-ից մինչեւ գիշերը ժամը 2-ը մեր լրագրողները բզեզի պես աշխատում են, օրվա մեջ տասնյակ քաղաքացիներ են մտնում մեր խմբագրություն՝ տարատեսակ հարցերով, այդ հարցերի շուրջ մենք հրապարակումներ ենք անում, շատ հարցերում մենք արդյունքների ենք հասնում, ուստի հանրային արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող»,–նշեց նա։
Արմինե Օհանյանի խոսքով՝ դեռ հարց՝ արդյոք այդ շենքն այդքան գայթակղիչ ձեռնա՞րկ է, որ տարբեր կազմակերպություններ պատրաստ են գալ եւ քաղաքապետարանի սահմանած բավականին բարձր գներով վարձակալել. «Քաղաքապետարանը փոխանակ ստեղծելու չպետք է քանդի ու ավերի։ Եթե քաղաքի հոգսերը հոգալու համար քաղաքապետարանի հույսը այն բանի վրա է, որ այս խղճուկ տարածքները կվաճառեն ու ինչ–որ հարցեր կլուծեն, չի ստացվելու, փոխարենը տպավորություն է ստեղծվելու, թե այս իշխանությունը ի տարբերություն մեր կողմից մերժված, ատելի ՀՀԿ–ականներից շատ ավելի քիչ է գնահատում մամուլն ու ազատ խոսքը»։
Նա շեշտեց՝ 10 տարի է «Հրապարակը» այդ շենքում է եւ մինչ այս ոչ մի քաղաքապետի մտքով չի անցել իրենց դուրս հանել այդտեղից.
«Մինչ այս 4 քաղաքապետ է փոխվել, բայց ոչ մի նախորդ քաղաքապետի մտքով չի անցել, որ տարածքը կարող է ազատել եւ ավելի արդյունավետ օգտագործել»։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նկատեց՝ շատ մեծ գումարներ են ծախսել այդ շենքի վրա. «Ոչինչ չենք ստացել, նույնիսկ պատն ենք մենք կառուցել, 2 ամիս առաջ ենք վերանորոգում կատարել, ո՞վ է մեզ փոխհատուցելու»։
Նա հավելեց, որ իրենց այդ տարածքներն անհատոււյց տրամադրվել են ավագանու որոշմամբ, իսկ քաղաքապետարանը չի կարող չեղյալ համարել ավագանու որոշումը։
Նույն հասցեում գտնվող «Հայելի» ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանն էլ հավելեց, որ եթե հարցը չլուծվի, իրենք դատական կարգով են այն լուծելու. «Ես խոստանում եմ, որ նրանք այս ամենը հեշտ չեն մարսելու»։











