Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի անձի հետ խնդիր չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ խնդիր կա համալսարանի կրթության որակի հետ։ «Երեւանի պետական համալսարանը բացի կրթական կենտրոն լինելուց միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում, դա է պատճառը, որ միշտ սլաքները ուղղվում են այնտեղ։ Ես լինելով համալսարանական եւ ԵՊՀ դասախոս, չէի ցանկանա, որ այսպիսի աղմուկ բարձրացվեր»,–նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը, նրա համոզմամբ, այս պահին ազդում է դասախոսների աշխատունակության, ուսանողների գիտելիքներ ստանալու գործընթացի վրա վրա:
ԿԳ նախկին փոխնախարարը, սակայն, շեշտեց՝ բոլոր բուհերում կան կրթական որակի հետ կապված խնդիրներ եւ բուհերի ղեկավարները պետք է մտահոգված լինեն կրթության որակի բարձրացման խնդրով։
Հարցին՝ ԵՊՀ-ի ռեկտորի փոփոխությունը կարո՞ղ է բերել կրթության որակի բարձրացման, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռեկտորից շատ բան է կախված, բայց նաեւ կախված է թիմից: Կան ռեկտորներ, որոնք ոչ մի բան չեն անում իրենց բուհում եւ շարունակում են մինչեւ պաշտոնավարման ավարտը»։
Դիտարկմանը, թե ԵՊՀ-ում այսօր ցույցեր են ընթանում ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի, որոնց մասնակցում են նաեւ դասախոսները, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ դասախոսները ժամանակին գլուխները տաքուկ անկյուններում դրած էին, երբ համալսարանում դասախոսների եւ ուսանողների նկատմամբ հալածանքներ էին տեղի էր ունենում, իսկ նրանք երբեւէ չէին բարձրաձայնում այդ ամենի մասին»:











