էս երկու օրը որոշները հասցրեցին մահախոսական ինձ կարդան, բայց ես գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Ես ասեմ հետեւյալը՝ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, եւ որեւիցե մեկը դա թող անգամ երազում չպատկերացնի»,– ասաց Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանը հերքեց տեղեկությունը, որ չարաշահումների գործով իրեն նույնպես մեղադրանք է առաջադրվել, իսկ հարցին՝ ինքն արդյոք տեղյակ է եղել կոռուպցիոն գործարքի մասին, պատասխանեց. «Ես տեղյա՞կ եմ եղել կոռուպցիոն գործարքի մասին։ Դուք հիմա ուզում եք, որ ես հաղորդում տամ հանցագործության մասին իմ վերաբերյա՞լ: Նման բան չի կարող լինել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գնումների գործընթացում հայտնաբերված չարաշահումների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին և բժշկական հաստատությունների համար հայտարարված հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթում հայտ ներկայացրած և հաղթած «Զորաշեն» ՍՊԸ ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին։ Երեքի նկատմամբ էլ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։











