ԵՊՀ-ն ապակուսակցական է, չի կարող կրթական հաստատությունը լինել կուսակցական, դա անթույլատրելի է. այն մարդը, ով կփորձի նման գործունեություն ծավալել, այդ մարդուն անմիջապես պետք է մեկուսացնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նիստի օրակարգում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն էր, սակայն այն հետաձգվեց:

«Այս աթոռին ես նստած եմ շուրջ 13 տարի, ինձ համար սա շատ ծանր, շատ հոգնատանջ, միաժամանակ պատվաբեր աշխատանք է: Այսօր հնչեցվեցին ճառեր, որ սա ճահիճ է: Նա, ով համալսարանի մասին նման բան է ասում, նշանակում է համալսարանն ընդհանրապես չգիտի: Խոսում են համալսարանի հետընթացի մասին: Հարգելիներս, ԵՊՀ-ն երբեւէ այսքան ֆինանսական կայունություն չի ունեցել, որքան հիմա:

Մենք արդեն 6 տարի կանխատեսում էինք, որ կգան ծանր ժամանակներ, եւ արտագաղթի հետեւանքով, կպակասի ուսանողների թիվը, մենք այդ ժամանակից կուտակում էինք գումարներ մեր բանկերում, որպեսզի այսօր կարողանանք ապահովել համալսարանի կայունությունը:

Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային 750 մլն դրամից ավելի: Այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80-ը: Սա՞ է վատ կառավարման արդյունք»,-հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Նա եւս մեկ անգամ հայտարարեց իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Դիտարկմանը, թե ԵՊՀ-ի հեղինակությանը չի՞ վնասում այն փաստը, որ ռեկտորը մեղադրվում է չարաշահումների մեջ, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Կգա ժամանակը եւ դուք կտեսնեք, որ այդ ամբողջը մտացածին, արհեստականորեն սարքած գործ է: Ես համոզված եմ, որ որեւէ քրեական գործի շրջանակներում իմ մեղքը չի ապացուցվի:

Ստուգումների արդյունքները մեզ ակտի ձեւով չի էլ տրվել, դեկտեմբերին տրվել է տեղեկանքի ձեւով: Մենք այդ տեղեկանքի հիման վրա 48 էջանոց պատասխան ենք պատրաստել: Քանի որ իմացել ենք, որ առանց ակտին մեզ ծանոթացնելու, օրենքի խախտումով այն ուղարկվել է դատախազություն, մեր պատասխանը նույնպես ուղարկել ենք դատախազություն»,-ասաց ռեկտորը:

Նա պատմեց, որ ԿԳ նախարարի հետ իր խոսակցության հաջորդ օրը ոստիկանության 6-րդ վարչությունը մուտք է գործել համալսարան. «Այստեղ աշխատեցին 4 օր ու գիշեր եւ ներկայացրեցին այն 3 հիմնավորումները, որոնց հիման վրա հայտարարություն տարածվեց, քրեական գործ հարուցվեց եւ փոխանցվեց քննչական կոմիտեին»:

Նրա խոսքով, այդ հիմնավորումներից մեկն այն է, որ իբր նվեր-կաշառք է ստացել. «Երկրորդը, համեմատած այդ աղմուկի հետ մի չնչին գումարով վառարան: Հաջորդը՝ հոգաբարձուների խորհրդում այսօր այդ մարդը որ խոսում էր 30 մլն-ի մասին, նա բուֆետապան է: Արդեն 10 տարուց ավելի աշխատացնում էր: Նրա հետ միշտ կոնֆլիկտներ են եղել, չէր մուծում ոչ սպասարկման վճար, ոչ պետության հասանելիքը: Մենք նրան տեղյակ պահեցինք, որ այլեւս իր հետ պայմանագիր չենք կնքելու: Եվ գիտե՞ք, թե նա ինչ ասաց. «Դուք սրա գմփունը կլսեք»: Երրորդը, առանձին դեպքերում մեր դասախոսները արձակուրդ է, հիվանդություն է կամ այլ պատճառներով դասի չեն ներկայանում, այդ դասը փոխարինվում է, չի տապալվում, նույն դասի համար երկու անգամ տարբեր մարդկանց չի վճարվում: Վերցրել են, թե արտասահմանյան ուղեւորությունների ով է եղել դասախոսներից: 19 հոգու մեջտեղ են բերել, որոնք իրենց դասերի օրերին այստեղ չեն եղել»: