ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների հարազատներն այսօր`փետրվարի 28-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց դատապարտյալների մեկ օրը մեկուկես օր դարձնելու համար:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած համանման նախագծերը ստացել էին կառավարության բացասական եզրակացությունը։ Այսօր այս նախագծերը քննարկվեցին ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովում, որտեղ 5 կողմ եւ 9 դեմ ձայներով նախագիծը մերժվեց։
Բողոքող ցուցարաների հետ հանդիպեց Նաիրա Զոհրաբյանը, որը նշեց, որ այդպիսով հարցը Ազգային ժողովում փակվեց, սակայն կոչ արեց դատապարտյալներին հացադուլի չդիմել. «Հացադուլը հարցի լուծում չէ, մենք պետք է վաղաժամկետ ազատման ինստիտուտների, պրոբացիայի ծառայության միջոցով փորձենք հարցը լուծել»։
Դատապարտյալների հարազատները նշեցին, որ իրենց պայքարը այսպիսով չի ավարտվում, իրենք կպայքարեն իրենց հարազատների իրավունքները պաշտպանելու համար։
Նշենք, որ մինչև 2003 թվականը Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում այդ դրույթը եղել է, դատապարտյալների 1 օրը 1.5 օր է հաշվվել, իսկ 2004 թվականին հանվել է։











