Պետական գնումների գործընթացում չարաշահումների գործով մեղադրվող և ներկայում կալանավորված Սամվել Ադյանն ու Գեւորգ Խաչատրյանը պետական վերահսկողական ծառայության  օրինակելի աշխատակիցներից են: Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Սամվել Ադյանն ու Գեւորգ Խաչատրյանը պետական վերահսկողական ծառայության  օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են: Էդ մարդկանց մեղքը պետք ա ապացուցվի»,– ասաց Սանասարյանը՝ նշելով, որ եթե նրանց մեղքն ապացուցվի, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Սանասարյանի խոսքով՝ հորեղբոր տղաներ Դավիթ Ադյանին և Սամվել Ադյանին ինքն է նշանակել՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կարողությունները։ Դավիթ Ադյանը, նրա խոսքով, նույնիսկ չի կանչվել ԱԱԾ և շարունակում է պաշտոնավարել։

Հարցին՝ ՊՎԾ աշխատակիցները կապվա՞ծ են եղել «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, որը հաղթել է հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթում, Սանասարյանը պատասխանեց. «Հարցը տվեք իրավապահ մարմիններին, ես նման տեղեկություն չունեմ»:

Հարցին՝ արդյոք ՊՎԾ աշխատակիցների դեմ ներկայացված չարաշահումների մեղադրանքն ապացուցվելու դեպքում ինքը հրաժարական կտա, Սանասարյանը պատասխանեց. «Դա ինչ-որ լուրջ կոռուպցիոն սկանդալի մասին չէ, ես ինքս անգամ կարծում եմ, որ դա կարգապահական վարույթի խնդիր կարող էր լինել, բայց քանի որ նախաքննական մարմինն իր գործն է անում, ու հետագայում իրավապահ մարմինները շարունակելու են իրենց  գործը, ես կհետեւեմ դրան: Հետագայում կխոսեմ էդ մասին»։

Սանասարյանը չհամաձայնեց, որ Ադյան եղբայրների նշանակումը ՊՎԾ–ում շահերի բախում է առաջացնում։

«Ոչ: Օրենքը, խնդրում եմ, կարդացեք: Նախ՝ նրանք հորեղբոր տղաներ են, նորից կրկնեմ: Եթե ստորադասություն կա նրանց մեջ, մեկը մեկի ղեկավարն է, էդ ժամանակ կարա խնդիր լինի: Էս պարագայում իրենց գործառույթները որեւիցե ձեւով  չեն առնչվում, նրանք տարբեր գործառույթներ են իրականացնում»,– ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գնումների գործընթացում հայտնաբերված չարաշահումների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին և բժշկական հաստատությունների համար հայտարարված հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթում հայտ ներկայացրած և հաղթած «Զորաշեն» ՍՊԸ ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին։ Երեքի նկատմամբ էլ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։

ՊՎԾ պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում