Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին միացել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այստեղ է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ

Քիչ առաջ հրապարակ եկավ նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա ասաց, որ ինչպես ամեն տարի Մարտի 1–ին, այնպես էլ այսօր այստեղ է՝ ծառայություն իրականացնելու նպատակով, և չցանկացավ պատասխանել Մարտի 1-ի հետ կապված հարցերին։

Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակ եկավ ոտքով՝ նախագահի նստավայրից։ Հրապարակում նրան միացան կինը՝ Աննա Հակոբյանը և երկու դուստրերը։

Քաղաքացիները երթով ուղևորվում են դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ 11 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի ՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: