Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցի կողմից կաշառք ստանալու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 18։40-ին կաշառք ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվեց 64-ամյա Նվեր Օ–ն։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Նվեր Օ–ն ոստիկաններին է ներկայացրել 170,000 դրամը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նվեր Օ–ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։











