ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 06:07-ին, մի խումբ անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սննդի կետի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում ստացվել են սննդի կետի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսագրությունում երեւացող անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: