ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանանդյան փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են մեկ շիշ «Շիվաս 18» և մեկ շիշ «Բլեք Լեյբլ 12» տեսակի խմիչքներ՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ստացվել է սուպերմարկետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է նշված անձը:

Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: