Իմ կարծիքով Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի. չեն կարող այնտեղ նման կարգի հեռացումներ կամ ճնշումներ լինել։ Այս մասին այսօր՝ ապրիլին 2–ին ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ–ում սպասվող նոր՝ լայնամասշտաբ փոփոխություններին։

«Իմ կարծիքով Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի։ Ղարաբաղն անմիջական կապ ունի սահմանների հետ, և այնտեղ չեն կարող նման ցնցումներ, նման կարգի ընդհանուր հեռացումներ կամ ճնշումներ լինել։ Դա որոշ մարդկանց կարծիքն է, որը փորձում են փաթաթել ուրիշի վրա»,– հայտարարեց նա։

Միքայելյանը ընդգծեց, որ Հայաստանն ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի։

«Մենք պետք է միշտ ուժեղ լննենք, միշտ պետք է լինենք բանակի կողքին, ուժեղ կառույց դառնանք, որպեսզի պատերազմական ժամանակաշրջանում՝ կարողանանք դիմակայել։ Ես միշտ ասել եմ՝ մենք ամեն ժամ, ամեն րոպե պատրաստ ենք պատերազմի և պիտի պատրաստվենք պատերազմի»։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Հավելենք, որ այսօր Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը թողնելու մասին է հայտարարել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: