Ապրիլյան պատերազմի օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Թալիշի ուղղությամբ ծառայած սպաները վերհիշում են պատերազմի օրերը։
Դասակի հրամանատար, ավագ կապիտան Ռոբերտ Մոսյան
«Ապրիլի 1-ին սովորական կրակոցներ էին, չէինք մտածում, որ պատերազմ կարող է սկսվել, գիշերն արդեն հրետակոծություն եղավ Թալիշ գյուղի ուղղությամբ, բայց էլի մտածում էինք՝ հերթական սովորական հրետակոծություն է, իսկ գիշերը ժամը 02։00-ին տեղի ունեցավ հարձակում վաշտի հենակետի վրա, մինչեւ առավոտ ուժեղ կրակոցներ, կռիվ, բայց ընդհանուր հենակետը մնաց մեր ձեռքում, միայն մի դիրք հակառակորդը վերցրեց, ինչի հետեւանքով զոհվեցին դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանն ու իր երկու զինվորները, հաջորդ առավոտ արդեն օգնության հասած ուժերով մենք կարողացանք հետ վերցնել դիրքը, հետգրավման ժամանակ զոհվեց հատուկջոկատային Սասուն Մկրտչյանը։
Մերուժան Ստեփանյանի հետ մինչեւ վերջին պահը կապի մեջ եմ եղել, ինքը մինչեւ վերջ կռվել է եւ իր զինվորներին էլ է ասել՝ թեկուզ փամփուշտներն էլ պրծնեն, ձեռնամարտի բռնվեք հակառակորդի հետ, այդպես էլ են արել։
Կոնկրետ մեր դիրքը հակառակորդն անընդհատ փորձում էր վերցնել, բայց մենք հետ ենք շպրտել իրենց»։
Վաշտի ավագ, ավագ լեյտենանտ Գեւորգ Հովհաննիսյան, Զինված ուժերում ծառայում է ավելի քան 17 տարի
«2016թ․ ապրիլի 1-ին հերթափոխի օր էր, բարձրացանք դիրքեր ու հերթապահություն էինք իրականացնում, երբ գիշերը հակառակորդը սկսեց գործողություններ իրականացնել ընդհանուր մարտական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը փորձեց դիվերսիոն-հետախուզական խմբերով ներթափանցել մեր մարտական դիրքը, մեծ քանակով հարձակում մեր դիրքի վրա եղավ ամսի 2-ին առավոտյան, 1,5 ժամ կարողացել ենք պահել դիրքը, հրետակոծությունն ավելի ագրեսիվացավ, որից հետո վաշտի հրամանատարից խնդիր ստացա՝ հետ քաշվել երկրորդ դիրք, որովհետեւ այլեւս հնարավոր չէր պահել դիրքը, մենք հետ քաշվեցինք, բայց հաջորդ օրն արդեն հետ վերցրինք դիրքը։
Մինչ ես դիրքերում եմ եղել, կինս երեխաներիս հետ Թալիշում է եղել, կնոջս հայրը կարողացել է ընտանիքիս հանել գյուղից, կինս երեխաներիս տարել է, հետո ինքը վերադարձել Մատաղիս, որտեղ ինձ է սպասել»։
Մայոր Գառնիկ Խաչատրյան, Զինված ուժերում ծառայում է 16 տարի
«Արտառոց ոչ մի բան չէր զգացվում, ոնց որ միշտ մեր ծառայությունն էինք իրականացնում, երբ ամսի 1-ի լույս 2-ի գիշերը գործողությունը սկսվեց։ Մեր դիրքի վրա հարձակումներ չեն եղել, միշտ ականանետերով են կրակել, ամսի 5-ին կոնկրետ խփել են սնունդ տեղափոխող մեքենային, ունեցել ենք 2 զոհ։
Արցախ տեղափոխվել եմ իմ ցանկությամբ, ապրիլյան պատերազմի ժամանակ կինս ու 3 երեխաներս ինձ հետ եղել են այստեղ։ Այդ ընթացքում կնոջս հետ խոսել եմ ու ասել՝ արխային եղեք, ամեն ինչ նորմալ ա։
Մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչի, զինվորականն ամեն ինչի պիտի պատրաստ լինի»։











