Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունն այսօր՝ ապրիլի 4–ին հետաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ մեղադրող դատախազը նոր էր ներգրավվել գործում, եւ դատարանը ժամանակ էր տրամադրել նրան՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Նա հայտարարեց, որ նախաքննության ավարտից հետո պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին եւ համապատասխան միջնորդություններ ներկայացրել։
Փաստաբանի խոսքով՝ այդ նյութերում զինվորի սնունդ յուրացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։
Ըստ պաշտպանի՝ գործի նյութերում առկա չեն նաեւ Մանվել Գրիգորյանի դեմ ցուցմունքներ։
Արսեն Մկրտչյանի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է.
«ԱԱԾ–ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք որ կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ եւ օպերատիվ հետախուզական աշխատանքնեըը կատարվել են պատշաճ կերպով, ինչը հետագայում պետք է գնահատվեն դատարանի կողմից»,–հայտարարեց նա;
Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։











