Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվեց Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեց տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։

Դարձյալ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները զննեցին նաեւ 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերվեց հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։

Զննության ենթարկվեց նաեւ դարձյալ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի «Սկանիա» մակնիշի ավտոբուսը։ իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերեցին հոգեներգործուն 1 դեղհաբ, ինչպես եւ պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։