«Սպայկա»–ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավերելու հիմքում դրվել է միայն այն փաստը, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով վկաների վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու մեջ մեղադրվող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը՝ անհիմն որոկելով դատարանի որոշումը։
Նշենք, որ բացի Կարեն Սարդարյանից Ղազարյանի շահերը դատարանում ներկայանցում են եւս 5 փաստաբաններ, այդ թվում՝ Կարեն Սարդարյանի մյուս եղբայրը՝ նախկին դատավոր Արսեն Սարդարյանը։
Փաստաբանի խոսքով՝ այն վկաները, որոնց վրա իր պաշտպանյալն իբրեւ թե կարող է ազդեցություն ունենալ, գործով դեռեւս չեն էլ հարցաքննվել։
Սարդարյանի խոսքով՝ քննիչը բերել է այն փաստարկը, թե Դավիթ Ղազարյանն իր կոլեկտիվում հեղինակություն եւ հարգանք վայելող մարդ է եւ հնարավոր է մարդիկ իր ազդեցության տակ ցուցմունք տան։
«Որեւէ փաստ չկա, որ նա փորձ կատարած լինի որեւէ մեկի վրա ազդելու։ Այսինքն ինչ է ստացվում, որ Հայաստանում դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար մեկ խափանման միջոց գոյություն ունի՝ դա կալանքն է, այսինքն ում որ հարգում ենք, սիրում ենք, պետք է կալանավորենք»,–ասաց նա։
Պաշտպանի խոսքով՝ գործի նյութերում կա ընդամենը դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն, որի մասին պաշտպանական կողմը եւ Դավիթ Ղազարյանը տեղեկացել են մեղադրանք առաջադրելուց հետո։
«Մեր պրակտիկայում աննախադեպ է, երբ երեք օրվա ընթացքւմ նման եզրակացություն ուղարկեն, պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, որ կա դատահաշվապահական փորձաքննություն»,–ասաց նա։
Փաստաբանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը դեռեւս ցուցմունք չի տվել։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:











