Կա՞ այնպիսի մարդ, որ մտածում է, թե այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին Նորագավիթի մաքսատանը լրագրողներին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ձեզնից որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞, կա՞ ըտենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի, անկեղծ ասեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «ֆեյքերի» մասին իր հայտարարությունը դիտարկվել է մամուլի վրա ճնշում։
Փաշինյանի խոսքով՝ խոսքը վերաբերվել է բռնություն, ազգամիջյան ատելություն քարոզող ֆեյքերին։
Նա նշեց, որ իրենց սիմվոլով՝ «դուխով» էջը իրենց հանրահավաքի օրը ասել է՝ դանակները վերցրեք, Հանրապետականներին սպանեք։
«Հիմա եթե այդ օրը մի ՀՀԿ-ականի մեկը դանակով քերծեր, մենք կարո՞ղ էինք որեւէ մեկին ապացուցել, որ դա մենք չենք կազմակերպել, հա՞։ Հիմա ի՞նչ, թողենք անարձագա՞նք: Մեկ-երկու, կարող է էդ բանը տեղի ունենա», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ռասսայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»:











