ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վճարահաշվարկային տերմինալից առերեւույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. փետրվարի 10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Սարյան փողոցում տեղադրված տերմինալը գտնվում է կոտրված վիճակում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վճարահաշվարկային տերմինալում եղած գումարը տեղում է, իսկ այն կոտրելու հետեւանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է Սարյան փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
«Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:











