ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձեւակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը եւ մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3.090.000 դրամ գումարը յուրացվել է:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության:











