Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի բնակիչներն ու ավագանու 2 անդամներն այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարություն էին գնացել՝ պահանջելու գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը։
NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ գյուղում լարված մթնոլորտ է, իսկ արդեն 9 օր գյուղապետի հրաժարականի պահանջով հացադուլ անող համագյուղացու վիճակը ամեն պահ կարող է վատանալ։
«Ամսի 9–ից այդ մարդը հացադուլ է հայտարարել, մենք էլ, մեր 3 ավագանիներն էլ իրար հետ նրա հրաժարականն ենք պահանջում»,– ասաց Վանեւանի բնակիչ Գայանե Հովհաննիսյանը։
Վանեւանի ավագանու անդամ Գոհար Գալստյանի խոսքով՝ 30 տարի պաշտոնավարող գյուղապետը գյուղի համար ոչինչ չի արել։ Անգամ տարրական կենցաղային պայմաններ գյուղում չկան։
«Գյուղը ոչինչ չունի, ոչ գազաֆիկացում կա, ոչ ջուր ունենք, ոչ փողոցում լույս ունենք, ոչ մանկապարտեզ. 21–րդ դարի ամենավերջին կարգի գյուղ է»,– ասաց Գոհար Գալստյանը։
Նրա խոսքով՝ գյուղապետը միայն թալանել է գյուղը, եւ հիմա իրենք պահանջում են բացահայտել նրա ապօրինի գործողությունները։
Ավագանու անդամի խոսքով՝ օրերս միջադեպ է տեղի ունեցել ավագանու նիստի ժամանակ. «Գնացինք, որ բյուջե հաստատենք, ասեցինք՝ օրակարգում մեկ հարց էլ պետք է լինի՝ Ձեր հրաժարականի հարցը։ Իր տղան դուրս եկավ հոր փոխարեն, հարձակվեց մեզ վրա, ժողովրդին վերջին ձեւով վիրավորեց, ու դա առաջին անգամը չէր»,– ասաց Գալստյանը։
Ավագանու անդամների խոսքով՝ իրենք իրենց հետ կառավարություն են բերել գյուղապետի ապօրինությունները հաստատող փաստեր։
«Պարոն Փաշինյանի ասած խոսքի հիման վրա, որ հիմքեր, փաստեր պետք է ունենանք, մենք մեր փաստերը մեզ հետ բերել ենք»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ վերջին տասն ամիսներին գյուղի բնակիչները բողոքել են տարբեր ատյաններ, նույնիսկ երկու անգամ փակել են Երեւան–Մարտակերտ մայրուղին, բայց ավագանու անդամների եւ մարզպետարանի աշխատակիցների հորդորով բացել են։
«Հիմա չենք ուզում անկանոն գործել, մենք ուզում ենք ամեն ինչ լինի օրենքի սահմանում»,– եզրափակեց ավագանու անդամը։
Վանեևանցիներն իրենց հետ բերած փաստաթղթերը հանձնել են կառավարություն։
Հիշեցնենք, որ արդեն 9 օր է՝ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը հացադուլ է անում համայնքապետարանի առջև՝ պահանջելով 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը: Համայնքում տասն ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններում Նորայր Հարությունյանը վերընտրվել է: Բողոքին միացել են համայնքի ավագանու երեք անդամները, ինչպես նաև մի խումբ բնակիչներ՝ գյուղապետին մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Նորայր Հարությունյանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Երեկ այս հարցին անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Խորհրդարանում նա խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալ Գեղարքունիքի մարզի Վանևվան համայնքում տիրող իրավիճակին` նշելով, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի ունեցած բախումներից հետո ինքն անհանգստացած է այս համայնքում տիրող լարված իրավիճակով։
Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած մտահոգությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը պետք է ավելի «պրոակտիվ» լինի, և այնտեղ, որտեղ տեսնում են՝ իրավիճակը սրվում է, պետք է որոշակի քաղաքական միջամտություն ունենան:











