Մեր շահագրգռվածությունը պայմանավորված է նրանով, որ արտադրությունը լինի միայն հայրենական: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով՝ լրագրողի դիտարկմանը, թե ամբողջ խմբակցությունը «Արարատցեմենտի» գործարանի փակման թեմայով պաշտպանում էր Գագիկ Ծառուկյանին:
«Պետք է հիասթափեցնեմ Ձեզ, որ ԲՀԿ-ն ինչպես միշտ, հարցադրումներ է կատարել աշխատատեղերի պահպանման, և նոր աշխատատեղերի ստեղծման առումով: Ծառուկյանին շատ էլ կարող է ձեռնտու լինի, որ այլևս ցեմենտ չարտադրի: Այդ 1200 աշխատողները չաշխատեն, պահի 120 աշխատող, կլինկերից արտադրի ցեմենտ, և իրեն ավելի շահեկան կլինի»,- ասաց Մելքումյանը և ավելացրեց, որ գործարանի այդ կոլեկտիվը չի կարելի փոշիացնել, և որ իրենց ելույթները եղել է առավելապես աշխատատեղերի պահպանմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:
Բողոքի ակցիայի մասնակիցներին էր այցելել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նա նշել էր, որ նախապես կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի (կլինկեր) վրա 22 հազար դրամ պետական տուրք կկիրառվի, որ աջակցեն տեղական արտադրողին: Սակայն արդեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել էր, որ տուրքը կկիրառվի միայն ցեմենտի վրա, իսկ կլինկերի վրա չի կիրառվի: Դրանից մեկ ժամ անց «Մուլտի գրուպ»-ը որոշել էր, որ այդ պայմաններում իրենք եւս կլինկեր արտադրելու փոխարեն, այն կբերեն դրսից եւ դրանից ցեմենտ կստանան, իսկ այդ դեպքում շուրջ հազար աշխատողների աշխատանքն իրենց այլեւս պետք չէ. եւ աշխատակիցներին ծանուցագրեր են բաժանել, որ երկու ամսից այլեւս չեն աշխատելու:











