Ես ասել եմ, որ որոշումն էլ ընդունեն, ինձ համար ցանկալի է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ ներկրվող ցեմենտի եւ կլինկերի վրա տուրք կիրառելու հարցով ԱԺ-ում աշխատանքային խումբ է ձեւավորվելու:
Նա դժգոհեց, որ շատերը նշում են, որ ԲՀԿ խմբակցությունը լծվել է իր բիզնես շահերի պաշտպանությանը. «Ծառուկյանի համար արածին, տեսաք, որ մենք դեմ քվեարկեցինք: Հիմնական պատասխանատուն խորհրդարանն է, ԱԺ հանձնաժողովն է, որը պետք է ներկայացնի, որ դա ոչ թե Ծառուկյանն է, այլ համապատասխան այսօրվա օրենքն ու իշխանությունն է: Թե չէ ասում են շահերի բախում: Եթե այսօր որեւէ մեկը տեսնի, որ Ծառուկյանը դոշ է ծեծել… ինձ երկուսն էլ ձեռք է տալիս: Ես միայն ժողովրդի համար եմ ասում»,-ասաց Ծառուկյանն ու հավելեց. «Հիմա ուզում են խառնեն, ալիքներ պղտորեն, տարբեր բաներ խոսելով: Մարդը երբեք մատը մատին չի տվել, մի հատ ծառ չի տնկել, այսօր խոսում է ներդրումից:
Այսօր մեր ազգը մնացել է 2 մլն, որ մի հատ մեծ կոլեկտիվ է: Ըստ ոլորտների, ըստ մասնագետների, ովքեր այդ ոլորտը տիրապետում են, արդյունավետ աշխատել ենք, պատկերացնում ենք, թե ինչ կարելի է անել: Այդ ամենը կարելի է երեք ամսում ռելսերի վրա դնել եւ լիարժեք ամեն ոլորտ էլ արդյունավետ լինի»:
Հարցին, թե այդ դեպքում՝ իր գործունեության ոլորտներում ինչու ամեն բան ռելսերի վրա չի, ԲՀԿ առաջնորդը չհամաձայնեց. «Իմ տիրապետած ոլորտները բոլորը ռելսերի վրա են եւ ամենաբարձր որակի վրա են: Ինչ քանդված, ավիրված վերցրել եմ, զարգացրել եմ: Էսօր ամենաբարձունքի վրա եմ կանգնած»:
Նշենք, որ ԱԺ-ն օրերս ընդունեց օրենք, որով 22 հազրա դրամ տուրք է սահմանվում ներկրվող ցեմենտի վրա, սակայն «Արարատցեմենտի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը դեմ քվեարկեց, քանի որ նրանք ցանմկանում էին, որ տուրք սահմանվի նաեւ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Հակառակ դեպքում, Ծառուկյանը նշել է, որ ինքն էլ կլինկերը դրսից կբերի, իսկ ցեմենտի գործարանի հազարից ավելի աշխատողներ գործազուրկ կդառնան:











