Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավական մեխանիզմներ՝ որոշելու, թե կան արդյոք երկրում քաղբանտարկյալներ։ Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հարցին։
Թաթոյանի խոսքով, սակայն, ցանկացած հարց իրավական տեսակետից գտնվում է իր սեւեռուն ուշադրության կենտրոնում։ «Լինեն դրանք անմեղության կանխավարկածի պահպանման, կալանվածի իրավունքների պահպանման, թե շատ այլ հարցեր»,- պարզաբանել է Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են շարունակել իրենց ակտիվ գործունեությունը նույն տեմպերով։











