Հայաստանում 2018 թվականի ապրիլի 23-ին ավարտվեց թավշյա հեղափոխությունը, դրանից հետո եղել են սահմանադրական կարգի տապալման փորձեր, մայիսի 1-ը եւ մայիսի 8-ը սահմանադրական կարգի տապալման փորձեր էին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Մայիսի 8-ին հաջողվեց սահմանադրական կարգի տապալումը, որովհետեւ երբ պատգամավորների եւ ընտանիքների վրա ճնշում են գործադրում, որ քվեարկեն իրենց խղճի դեմ, դա այլ կերպ չի կարող կոչվել։ Էլ չեմ ասում, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանի վրա գնացին, այն ժամանակ մենք ասում էինք, որ հոկտեմբերի 2–ի օրենքը տրամաբանական օրենք էր եւ նման օրենք պետք է շուտ ընդունվեր։ Վերջերս սահմանադրական դատարանն էլ հաստատեց, որ իրոք այդ օրենքը որեւէ ձեւով չի հակասում սահմանադրությանը»,–շեշտեց նա։
Արամ Հարությունյանը նկատում է՝ այն ճնշումները, որ եղել են խորհրդարանի վրա հոկտեմբերի 2-ին, հակասահմանադրական են եղել. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես Վանո Սիրադեղյանի հետեւորդ, եթե Վանոն անձեռոցիկի վրա էր հրամաններ տալիս, ապա Նիկոլ Փաշինյանը հրապարակում ազատեց պաշտոնյաներին, ընդ որում՝ նախարարներին, որոնք կոալիցիոն կառավարության մեջ լավագույններն էին»։











