Հեղափոխությունից մեկ տարի անց ունենք ձախողում բոլոր ոլորտներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ արդարադատությունը ամենախայտառակ ոլորտն է. «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ ՀՀ–ում գործում է տրանսգենդերային արդարադատություն, երբ ով պետք է մեղադրվեր, դառնում է մեղադրանքի գլխավոր մեղադրանք առաջադրող, ամեն ինչ շրջվում է գլխիվայր։ Հայաստանում այսօր գլխավոր մեղադրողը Նիկոլ Փաշինյանն է, գլխավոր մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանն է, գլխավոր վկան՝ Սիլվա Համբարձումյանը»։

Արամ Հարությունյանը շեշտեց՝ ՀՀ–ում արդարադատությունը երբեք այսքան կախված չի եղել գործադրից. «Արդարադատության ոլորտը երբեք նման խայտառակ ձեւով կախված չի եղել գործադիրից: Քոչարյանի դատավարությունը շինծու է, չեն կարողանում մեղադրանքը ձեւակերպել: ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշինսկին ասում էր՝ մարդը լինի, հոդվածը կճարվի: Հիմա մարդը կա՝ հանձին՝  Քոչարյանի, բայց հոդվածը չեն կարողանում հարմարեցնել»։