«Բեսպրեդելը» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հոգեկերտվածքի մի մասն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եղեգիս համայնքի կողմից լիազորված անձ, ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը՝ խոսելով վերջերս Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպի մասին։
Նրա խոսքով՝ Սերգեյ Բագրատյանին ձեռք չի տվել Ռազմիկ Տոնոյանի պես մեկը որպես Վայոց ձորի փոխմարզպետ. «Ռազմիկ Տոնոյանը սկսեց հետեւողական լինել կոռուպցիան բացահայտելու ուղղությամբ եւ Բագրատյան Սերգեյի խմբակի համար ցանկալի անձ չէր։ Նա փորձում էր այդ մարդուն ամեն կերպ «կոտրել»»։
Եղոյանը վստահեցնում է, որ Սերգեյ Բագրատյանին բնորոշ է այն արտահայտությունը, որը մի շարք պնդումներով, նա ուղղել է Ռազմիկ Տոնոյանին, թե դու ով ես, որ մեր մարզում հարց լուծես»։
Եղեգիս համայնքի ներկայացուցիչը պատմեց, որ Բագրատյանը փորձել է փոխմարզպետին նսեմացնել. «Ականատեսները պատմում են, որ սիգարետի «բիչոկը» գետնին է գցել, եւ ասել է՝ հը՞, կարո՞ղ ա քո դուրդ չի գալիս, ամեն կերպ փորձել է իրավիճակը լարել եւ փոխմարզպետը դիմել է ոստիկաններին։ Սկսվել է քաշքշոցը, սեռական բնույթի հայհոյանքները»։
Տիգրան Եղոյանի համար բնավ զարմանալի չէր Բագրատյանի նման պահվածքը. «Ես առաջին մարդն էի, որ հանդես եմ եկել ժողովրդական ընդվզմամբ եւ Եղեգիս համայնքի բնակչությունը դուրս եկավ քրեաօլիգարխների դեմ։ Այդ քրեաօլիգարխներից մեկը ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։ Բառացիորեն մի քանի օր առաջ քաղաքացու օրը ինձ համար զարմանալի էր, որ ամբողջ լրատվական դաշտում լուսաբանվեց ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջացրած իրարանցումը եւ փոխմարզպետ Տոնոյանի դեմ այդ գործողությունները։ Այն, որ շատ լրագրողներ ու քաղաքացիներ զարմանում են, թե ինչպես կարող էր Սերգեյ Բագրատյանը իրենց այդպիսի բան թույլ տալ, ես հայտարարույմ եմ, որ դա Սերգեյ Բագրատյանի կենսագրության մի մասնիկն է։ Սերգեյ Բագրատյանի հոգեկերտվածքի մի մասինիկն է նման քայլերի ձեռնարկումը»։
Նա հիշեց, որ 2000 թվականին, երբ մարզի գյուղերից մեկում ընտրությունների ժամանակ մարզի այդ ժամանակվա մարզպետ Սերգեյ Բագրատյանը մուտք է գործել քվեախուց եւ փորձել է քվեատուփը գողանալ եւ երբ ոստիկանը փորձել է միջամտել՝ հարվածել է ոստիկանին։
Բանախոսի փոխանցմամբ՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է մարզում ստեղծել քաոսային միջավայր, որում ամեն ինչ ինքն է տնօրինում։
Նա պնդեց՝ մարզպետ աշխատած տարիներին Սերգեյ Բագրատյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը ձեռք է բերել անձնական ՀԷԿ, որը հետագայում վաճառել է մեկ ուրիշին։
Հիշեցնենք, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի համայնքապետի հետ անսթափ վիճակում հարձակվել է իր վրա ու հայհոյել իրեն։











