Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ մայիսի 1-ին, բողոքի ակցիա են կազմակերպել այգու մոտ: Նրանք պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Նրանց խոսքով, Ռուբեն Խաչատրյանը 2011թ-ին տնօրեն նշանակվելուց ի վեր այգին տանում է կործանման՝ այս ընթացքում մեծացել է կենդանիների անկման թիվը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաեւ պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաեւ քաղաքապետարանից, ինչպես նաեւ մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Այդ առաջարկությունները ներկայացրել են նաեւ քաղաքապետարանում:
Իր հերթին, Կենդանաբանական այգու տնօրենը պնդում է, որ իրեն զրպարտում են:
Նշենք, որ այսօր տրվելու է նաեւ կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացումը:

















