Դրոշի ճիշտ օգտագործման հետ կապված վարչապետի հորդորները տեղ չեն հասել, Շիրակի Հյուսիսային մաքսատուն–վարչությունում դրոշն օգտագործվում է որպես վարագույր: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

Նա ուղիղ եթեր է մտել Հյուսիսային մաքսատնից, որտեղ ըստ Պետրոսյանի, հայտնաբերվել են նույն խախտումները, ինչը Նորագավիթի մաքսատանը հայտնաբերել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեւի պարոն վարչապետը պետին պետք է փոխանցի, որ այս տարածքում չի կարող դրոշն օգտագործվել այն նպատակով, ինչ նպատակով, որ օգտագործվում է: Եվ այս ամենն այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքերն եղան: Այս մաքսատան պետը եւս համապատասխան պատժի պետք է ենթարկվի ինչպես նախորդները»,- նշել է Կարեն Պետրոսյանը:

Տեսանյութում Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Ռուսլան Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը վիճաբանում են։ Մաքսատան պետը  նշում է, որ տեսել է, որ դրոշը այդ վիճակում է, որտեղ պետք է ասել է, եւ որ դա վարձակալած տարածք է։ Պետրոսյանին հորդորում է գրավոր դիմում ներկայացնել։

Ի պատասխան Կարեն Պետրոսյանն ասում է․ «Ձեր տարիքը, գիտելիքները եւ փորձը չեն համապատասխանում այստեղ աշխատելու։ Ինչո՞ւ եք անհարգալից խոսում քաղաքացու հետ։ Պիտի սովորեցնեն ո՞նց շփվեք քաղաքացիների հետ, հետո նոր պաշտոններ վստահեն։ Հիմա ես դուրս կգամ, դուք 10 րոպե ունեք, որ դրոշի հարցը լուծեք»։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին  Արարատյան մաքսատուն կատարած շրջայցի ընթացքում աշխատասենյակներից մեկում տեսել էր ՀՀ դրոշը կեղտոտ վիճակում անկյունում դրված։ Վարչապետը հանձնարարել էր աշխատանքից հեռացնել այդ սենյակի բոլոր աշխատակցներին:

Տեսանյութում Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Ռուսլան Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը վիճաբանում են։ Կարեն Պետրոսյանի հարցին, թե դրոշն ինչու է վարագույր օգտագործվում, մաքսատան պետը պատասխանում է. «Տեսել ենք, որտեղ պետք է, ներկայացրել ենք խնդիրը: Այդ տարածքը ոստիկանության տարածքն է»:

«Ձեր տարիքը, գիտելիքները եւ փորձը չեն համապատասխանում այստեղ աշխատելու։ Ինչո՞ւ եք անհարգալից խոսում քաղաքացու հետ։ Պիտի սովորեցնեն, թե ո՞նց շփվեք քաղաքացիների հետ, հետո նոր պաշտոններ վստահեն»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Մաքսատան պետի աշխատասենյակում Կարեն Պետրոսյանը, դիմելով մաքսային ձեւակերպումների բաժնի պետ Աստղիկ Միրոյանին, հետաքրքրվեց, թե ինչու են մերժել քաղաքացուն հաշիվ ապրանքագրով մաքսազերծում իրականացնել, ինչին ի պատասխան մաքսատան աշխատակիցն ասաց, որ հաշիվ ապրանքագիրը ոչ հավաստի է եղել: