Ես չեմ կարծում, որ հնարավոր է գործ կարել, բայց եթե կա գործ կարող, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքը շինծու է, իսկ գործը կարված է։

Դիտարկմանը, թե պայքարի ընկերները Դավիթ Սանասարյանի դեմ տարբեր հայտարարություններ անելով, դավաճանում են պայքարի իրենց ճանապարհը, Աղաջանյանը արձագանքեց. «Ձեւակերպումների մասով մենք պետք է պարզապես զգույշ լինենք։ Մի բան հստակ է, որ անկախ ընկերական հարաբերություններից, եթե որեւէ մեկը ապօրինություն է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի, այստեղ 2-րդ կարծիք չկա։ Այո, Դավիթ Սանասարյանը մեր քաղաքական թիմի անդամ է, մեր թիմի որոշ անդամների հարաբերությունները Դավիթ Սանասարյանի հետ դեռ վաղուց են սկսվել, այստեղ որեւէ գաղտնիք չկա, բայց մեր թիմի անդամների մոտ կա կոնսենսուս, որ որեւէ մեկը չի նկարող ունենալ ինդուլգենցիա որեւէ հանցագոեւծություն գործելու համար»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: