ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը իրեն հաշվառումից հանելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը: Նա նշեց, որ ինքը վերջին 10 տարվա ընթացքում անընդհատ ունեցել է կացության խնդիր:
«Գործը դատարանում է մայիսի 23-ին Ստեփանակերտում տեղի կունենա դատ․տեսնենք՝ ինչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի: Արցախի բնակության հարցի այս խոչընդոտները քաղաքական քայլեր են ուղղված իմ դեմ»,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ արդյոք Արցախի քաղաքացիության հարցը կդիտարկվի որպես քաղաքական քայլ՝ ուղղված իր դեմ, Բաբայանն ասաց՝ վստահ է, որ այդպես էլ կա. «2-3 պատգամավոր Հայաստանից տեղափոխվել են Արցախ, եւ չեն ասել՝ ինչու այստեղ չես ապրել 5 տարի: Եթե իմն ասում են, ուրեմն քաղաքական է»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր է Արցախում իշխանափոխություն, Բաբայանն ասաց, որ եթե բնակչությունը ուզենա, ապա կլինի իշխանափոխություն. ինչպես եղել է Հայաստանում.
«Արցախի բնակչության 95 տոկոսը չի ընդունում գործող իշխանությանը, դա փաստ է: Իսկ իշխանափոխությունը կլինի, թե՝ ոչ, դա կհասկանանք ժողովրդի հետ հանդիպումից հետո: Հանրահավաքներ կանենք, կխոսենք, հետո նոր կասենք։ Մարդկանց ասում են, եթե դուք ինչ-որ քայլ անեք, ապա ձեր գործը կկորցնեք, ես դա բնական եմ համարում, քանի որ այդ մարդիկ իրենց պաշտոնը ցանկանում են ատամներով պահել»,- ասաց Բաբայանը:











