Մինչեւ իմ պաշտոնավարման ավարտը կլինեմ քաղաքապետ, իսկ ժամկետը լրանում է երկու տարի հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
«Քրգործի հարուցումից հետո իմ համակիրների թիվը չի քչացել, իրենք ինձ հետ են, որեւէ խնդիր չկա: Մասիսցիները միշտ հաստատակամ են»,-ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ հաջորդ ընտրություններին ցանկություն չունի առաջադրվելու. «Եթե առաջադրվեմ, այն ժամանակ կերեւա՝ ես համակիրներ ունեմ, թե չունեմ: Եթե հիմա լինի ընտրություն, ես վստահ եմ, որ վերընտրվելու որեւէ խնդիր չեմ ունենա: Կարող է ժամանակը գա՝ առաջադրվեմ, պետք չի իմ ասածը սարքել պատմություն»,-ասաց Մասիսի քաղաքապետը:











