Իմ անունը չի քննարկվում ապագա վարչությունում, ես ընդամենը «Քաղաքացիական պայմանագրի» ապագա վարչության անդամության թեկնածու եմ, եւ խոսել դրա մասին վաղաժամ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ՔՊ-ի նախագահ դառնալու մասին լուրերից։

Պապիկյանն ասաց, որ իրենց կուսակցության նախագահի հարցը բարձրացավ այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց պաշտոնը վայր դնելու մասին։

«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը վայր դնելու պարագայում այդ դերակատարումը ստանձնում է փոխնախագահը, այս դեպքում՝ ՔՊ կուսակցության փոխնախագահը ես եմ։ Սակայն մենք հայտարարել ենք՝ հունիսի 15-ին տեղի է ունենալու կուսակցության համագումարը, որը ընտրելու է նոր վարչություն, եւ հնարավոր է վարչության անդամ էլ չլինեմ։ Մեզ մոտ ռեյտինագյին ընտրակարգով ընտրվելու է նոր ընտրված վարչությունից»,- ասաց Պապիկյանը։

Անդրադառնալով ՔՊ-ում առկա ներկուսակցական պայքարին՝ Պապիկյանն ասաց, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ կուսակցության ներսում էլ պետք է լինի առողջ մրցակցային գաղափարական պայքար։

Պապիկյանի կարծիքով՝ ՔՊ-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դառնալ կուսակցության ղեկավար կազմի անդամ.

«Եթե տվյալ անձը դարձել է կուսակցության անդամ, ուրեմն ընդունել է կուսակցության գաղափարները եւ ծրագիրը, հետեւաբար, կարող է ղեկավար կազմի անդամ դառնալ»,- հավելեց Պապիկյանը։