Մենք առաջարկություն ենք ներկայացնելու կառավարություն՝ մեր աշխատավարձերը բարձրացնելու հետ կապված։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ դեռ չգիտի, թե որքան կբարձրանան աշխատավարձերը ԱԻՆ–ում, բայց դրա անհրաժեշտություն միանշանակ կա։

«Հաշվարկները մենք անում ենք մի քանի տարբերակով։ Չենք կարող ասել՝ ինչ տարբերակ կաշխատի, եւ ինչ հաշվարկներ հաշվի կառնվեն»,– ասաց նախարարը։

Ցոլակյանի խոսքով՝ ներկայում ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, սակայն կառավարությունը մասամբ լուծել է խնդիրը։

«Տվել են բավականին մեծ գումար, որը պարգեւավճարների ձեւով մենք տալիս ենք, հաշվում ենք, որ դա աշխատավարձի վրա ավելացում է, որովհետեւ դա իրենց աշխատավարձերի մոտավորապես 30 տոկոսն է։ Մենք տալիս ենք եռամսյակը մենք, բայց ամեն ամսվա համար այդքան կազմում է»,– ասաց Ցոլակյանը։