Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով իր և իր գործընկերների, մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը, քրեականացնել։

«Կառավարության որոշ անդամներ քննարկամ ժամանակ չգիտես ինչու ուրախանում են. դե դա իրենց էմոցիաների հարցն է, որից հետո դրական առաջարկով անում են առաջարկներ, որն ավելի է ոգեւորում ինձ, ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, մինչև 3 տարի ազատազրկում, ես ասում եմ՝ բրավո, համաձայն ենք, այդ դրական մոտիվացիայով գալիս է ԱԺ։ Երեկ մենք կառավարությունից ստանումենք լրացուցիչ կից գրություն՝ երկար-բարակ պատմում են, որ «ընդհանուր մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք ստեղծել ենք, մենք քննարկում ենք, մենք անում ենք, առաջակում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից» »,-ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով իշխող ուժն ուզում է անպայման ծրագիրը ներկայացնի իր կողմից. «Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում եւ ուզում եք, որ անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քա՛վ լիցի, խնդիր չկա, արե՛ք  դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք իմ նախագիծը։ Եթե դուք գտնում եք, որ սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շները և կատուները իրենց  խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունը իսկապես բավականին ծանր է, կենդանիների խեղում, կենդանիների սպանություն»,– ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 2-ի նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի ներկայացրած առաջարկը Քրեական օրենսգրքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ դրա դրսեւորումների տարբեր ծանրացուցիչ հանգամանքներով:

Նախագծով առաջարկվում է որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեք հարյուրապատիկի չափով տուգանք, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով կամ  ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ գաղափարի առումով լավ նախագիծ է, բայց պետք է չափանիշները հստակ լինեն, որովհետեւ խոսքը պոտենցիալ քրեական հետապնդում իրականացնելու մասին է. «Պետք է հասկանալ, որ այնպիսի իրավիճակում չկանգնենք, որ ենթադրենք մարդը իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, չգնանք քրեական գործ հարուցենք: Չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»: