Ծառուկյանը մի անգամ որպես պատգամավոր գնաց Եվրոպառլամենտ, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, որից 25-ին տարավ Ղարաբաղ, որ այս 30 տարում նման բան չէր եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Բայց եթե վեռտալյոտ տրամադրեին, նախանձությունից կարային դա էլ չտրամադրեին, կարող էի 40-50-ը տանել»:

ԲՀԿ առաջնորդը նաեւ ասաց. «Ծառուկյանի ընկերներն ասում են, որ պատրաստ ենք Հայաստանում 50 մլրդ գումար դնենք, չափ ու սահման չկա ներդրմանը: Ես ուզում եմ իմ հնարավորություններն օգտագործենք»:

Նա չցանկացավ արձագանքել դիտարկմանը, թե նման գործունեության համար ինչու է պետք ԱԺ պատգամավորի մանդատ ունենալ:

Փոխարենը Ծառուկյանը նշեց, որ ինքն առաջարկում է, որ եթե բերքը ցրտահարվել է, գյուղացին ոչ միայն պետք է հողի հարկ չտա, այլեւ վարկի տոկոսները պետք է պետությունն իր վրա վերցնի. «Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Ծառուկյանի մանդատի հարցի մասին մտածենք»: