Վանաձորում «Քաղաքացու օրվան» նվիրված զանգվածային միջոցառումներին դպրոցների տնօրենների չմասնակցելու հետ կապված Լոռու մարզպետարանը բացատրություն է պահանջել տնօրեններից։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Նա ներկայացրեց իրենց խմբակցությանն ուղարկված նամակի բովանդակությունը, որում տնօրենները գրել են, որ դա նաեւ իրենց օրն է, եւ իրենք այն տնօրինել են ինչպես հարմար են գտել, սակայն Լոռու մարզպետարանի աշխատակիցները զանգել եւ ճշտումներ են պահանջել իրենցից, թե ինչու ներկա չեն եղել այդ միջոցառմանը։

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը դատապարտում է նման աշխատելաոճը, երբ ոտնահարվում են քաղաքացու իրավունքները։

«Հարգելի պարոն Փաշինյան, երբ մենք ամիսներ առաջ ասում էինք, որ հզորացնելով մարզպետարանների դերն ու լիազորությունները, դուք դրանով մահակ եք սարքում Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ մարզպետարանների ենթակայության այլ կառույցների, այս դեպքում դպրոցների գլխին, նկատի ունեինք հենց այսպիսի վարքագիծը, եւ ահա այդ մահակի առաջին պտուղները, որի մասին բարձրաձայնել են Լոռու մարզի դպրոցի տնօրենները»,– ասաց պատգամավորը։

Նա կոչ արեց կառավարությանը չթույլատրել մարզպետարաններին չարաշահել իրենց լիազորությունները։

«Նոր Հայաստանում չպետք է տեղ ունենան նախկին ռեժիմի կողմից  օգտագործված մեթոդները»,– եզրափակեց Եղիազարյանը։