Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական համաձայնագիր ունենալն անհրաժեշտություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ դե ֆակտո նման համաձայնագիր արդեն կա։

«Եթե դե յուրե ունենանք այդ համաձայնագիրը, այն կարող է լայն բացել Հայաստանի թևերը, գործելու սահմանները»,- նշեց սրբազանը:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ նման դաշնագրի կնքումը կարող է բարդացնել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մեր հարաբերությունները, նա արձագանքեց. «Սրանից էլ ավելի վատ վիճա՞կ. պատերազմական վիճակում ենք, սրանից էլ վատ վիճակը ո՞րն է: Ամեն օր կրակում են սահմանին»:

Հարցին` ի՞նչը կարող էր պատճառ լինել տևական ժամանակ դադարած կրակոցների վերսկսմանը, սրբազանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ նրանք հույսը կորցրեցին, թե մենք ինքնակամ ինչ-որ բաներ պետք է զիջենք, հասկացան, որ մենք նույն սկզբունքների վրա ենք հիմնվելու»:

Պատասխանելով դիվանագիտական հարաբերությունների մասին հարցին` Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Ես չեմ կարծում, որ դիվանագիտական առումով հեռացել ենք որևէ կետից, ունենք այն, ինչ  որ ունենք` ռազմական հաղթանակներ, որոնք դիվանագիտական դաշտում մի քիչ դժվար է ամրագրել, և դա հասկանալի է»։

Հարցին՝ գուցե ճկունության դեպքում հնարավո՞ր լինի ամրագրել այդ ամենը, սրբազանը պատասխանեց. «Հարցը ճկունության մեջ չէ, այլ նրանում, որ ոչ ոք չի ուզում դրա հետ հաշտվել, թեև բացառիկ դեպքեր կան` Աբխազիա, Օսեթիա, Կոսովո, հերթով պետք է հասնենք դրան»։

Նրա խոսքով՝ դժվար է ընթացքը, բայց չպետք է ընկճվել, համառորեն պետք է շարունակել պաշտպանել մեր իրավունքները:

«Պետք է գնանք առաջ եւ պետք է ունենանք մեր հաջողությունը։ Մի քիչ կնճռոտ, մի քիչ դժվար ճանապարհ է, բայց պետք է ունենանք»,- ասաց սրբազանը։

Ավարտելով խոսքը, նա շնորհավորեց համայն հայությանը մայիսյան եռատոնի առիթով։