Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի շուրջ ստեղծված իրավիճակից: Նրա խոսքով՝ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական գործունեություն է, որը չի համապատասխանում Մշակույթի նախարարության կողմից բերված այն պնդմանը, թե գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները չեն կարող համադրվել։

«Այս օրերին շրջանառվում է, որ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պարտքը կամ կորուստը, որը հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, և որի մասին բարձրաձայնել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-2016 թվականներին, «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է Օպերային կից: 92 միլիոն դրամի պակասուրդը կուտակվել է Օրբելյանից շատ առաջ, այսինքն՝ 2014-2016 թվականներին, մինչև Օրբելյանի նշանակումը, մինչդեռ Օրբելյանը նշանակվել է 2017 թվականին»,- ասաց ԼՀԿ պատգամավորը:

Նրա տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Մշակույթի նախարարությունը, Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր ֆոնդերի՝ տարբեր մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաև՝ Թատրոնի աջակցման հիմնադրամին, մինչդեռ մերժվել են այն ծրագրերը, որոնք ավելի արժանի են եղել ստանալու այդ ֆինանսական աջակցությունը:

«Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, որը հանդիսացել է հանձնաժողովի նախագահ, ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել էր, որ նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո ԶԼՄ-ներում հնչեցվել են տնօրենի հավանական թեկնածուների անուններ, այդ թվում եւ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի անունը, որը հարսանիքներին թամադա է աշխատել։ Հայաստանում անցած գարնանն իշխանափոխությունից հետո Օրբելյանի եւ Հայաստանի մշակույթի այն ժամանակվա ղեկավարության միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան։ Այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում իր գործունեության 100 օրվա արդյունքներն ամփոփելով՝ մատնանշեց թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Օրբելյանն ի պատասխան ասաց, որ մշակույթի նախարարության մտադրությունը՝ բաժանել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, համարում է սակավարդյունավետ գաղափար։ Իսկ Նազենի Ղարիբյանը, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին ազատելու գլխավոր պատճառներից մեկն է նշել նրա ռուսալեզու լինելը՝ չպարզաբանելով, թե ինչ չափանիշներով է որոշվում հայերենին տիրապետելու աստիճանը։ Օրբելյանին կոլեկտիվի միահամուռ պաշտպանությունից, բողոքի ակցիայից հետո իշխանությունները մասամբ նահանջել են՝ տնօրենի պաշտոնակատար նշանակելով նրա տեղակալներից մեկին։