Կոչ եմ անում իշխանություններին կարգի հրավիրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին, վատ հետևանքներ է դա ունենալու: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկմանն ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 6-ին, Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստի տապալմանը:

«Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը պետք է լիներ ժամը 20։00-ին, և մարդկանց սպասեցնում են, մոտավորապես 40 րոպե, և այդպես էլ նիստը չեն գումարում, հետո ասում են՝ ճիշտ ենք անում, շարունակությունն էլ հետո կտեսնեք: Պետք չէ ձեզ այդպես ցինիկ պահել, մարդկանց 40 րոպե սպասեցնել, հետո ասել՝ ճիշտ ենք արել»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, նույն հանձնաժողովի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր նոր հաստիքացուցակի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ այս գրառման տակ գրել էր. «Ճիշտ ենք արել: Այս պահին այսքան»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն էյրամջյանը NEWS.am-ի հետ զրույցում նիստին խմբակցության անդամների բացակայությունը բացատրել էր տեխնիկական պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ զուգահեռ նիստ է ընթացել, եւ ավագանու անդամները պարզապես չեն հասցրել մասնակցել ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին:

Հիշեցնենք նաեւ, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել 1700 աշխատակիցների հաստիքացուցակի փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն, մյուսներինը՝ կբարձրանա շուրջ 30 տոկոսով: