Յոթ ամսում ոչ մի խնդիր չի լուծվել, որոնք առաջացել էին մինչեւ ձեր իշխանության գալը: Այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայ Մարությանին:

Նրա խոսքով՝ կապված այն բանի հետ, որ քաղաքապետարանն այդ ժամանակն իզուր է անցկացրել՝ չլուծելով կանաչապատման, տրանսպորտի, աղբահանության հարցերը, ինքը դիմում է Հայաստանի վարչապետին, որը ժամանակին եղել է Երեւանի քաղաքապետի թեկնածու:

«Երբ Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու էր, խոսում էր կանաչապատման համար միջոցների մեծացման անհրաժեշտության մասին, խոսում էր վերելակների խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, որոնք հիմա քաղաքացիների համար մահացու վտանգավոր են: Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս ծախսերի կրճատման, այլ ոչ թե մեծացման օգտին»,- նշել է նա:

Խաժակյանը հավելել է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսում էր ներքաղաքական երկպառակություններից հեռու մնալու եւ քաղաքի խնդիրների վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին, սակայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցավ «սեւերի» եւ «սպիտակների» տարաբաժանման կարգախոսով:

Նրա խոսքով՝ դա հանգեցրել է նրան որ այն տեղերում, որտեղ իշխանությունները պատճառ չեն գտել անցանկալի մարդկանց ազատելու համար, գնացին գերատեսչությունների միավորման: «Հասկանալի չէ, թե քաղաքապետարանն ինչպես է ցանկանում աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել՝ նախկին համակարգին այլընտրանք չառաջարկելով»,- հայտարարել է նա:

Հայկ Մարությանն, իր հերթին, հայտարարել է, որ մինչեւ իրենց քաղաքական ուժի իշխանության գալը Երեւանի քաղաքապետարանը ավելի քան 20 տարի եղել է երկրի պետական կառավարման համակարգի ամենակոռումպացված կառույցը: «7 ամսում մեզ հաջողվել է Երեւանի քաղաքապետարանում արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Սա մենագլխավոր ձեռքբերումներից մեկն է»,- պարզաբանեց նա:

Նշենք, որ մայիսի 8-ին քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանվել է: