Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Մայիսի 8-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Փաշինյանի խոսքով՝ նա չի ցանկացել վիրավորել տվյալ կուսակցության անդամներին եւ բոլորովին այլ բան նկատի ուներ: Վարչապետը  նաեւ ներողություն խնդրեց Մարուքյանից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որի համաձայն առաջարկվում էր վերադառնալ 2014-ի իրավիճակին, երբ բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական գնումները չէին գաղտնազերծվում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Փաշինյանի արձագանքը վիրավորական էր համարել եւ հերքում պահանջել: