Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի բնակիչները գյուղապետի հետ միասին այսօր՝ մայիսի 8–ի առավոտյան փակել էին Երևան-Գյումրի կենտրոնական ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին մարզպետի և Ջրային կոմիտեի նախագահի հետ հանդիպում, որպեսզի քննարկեն ոռոգման ջրի սակագնի նվազեցման, ինչպես նաև համայնքում շտապօգնությա մեքենա ունենալու հարցերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի բնակիչ Վալեր Սահակյանը:

Որոշ ժամանակ անց բնակիչները ճանապարհը բացել են այն պայմանով, որ Ջրային կոմիտեի աշխատակիցները մայիսի 10-ին հանդիպեն իրենց հետ:

«Ոռոգման ջուրը դարձել է 1 հա–ի համար 57 հազար դրամ, ուզում ենք, որ դառնա 10-12 հազար դրամ: Պահանջում ենք, որ մարզպետ Դավիթ Գևորգյանը գա այստեղ, լսի մեր խնդրիները: Պետք է 5 անգամ մեկ սեզոնին խաղողի այգիները ջրեմ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ 1 հա–ի համար 57 հազար դրամ է: Ստացվում է, որ ես խաղողի այգիները չպետք է մշակեմ»,- ասաց բնակիչը:

Նա պատմեց, որ համայնքում շտապօգնության մեքենայի խնդիր կա. «Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է գյուղ: Վերջերս հարևանս վատացավ, կանչեցինք շտապօգնություն, մինչև հասավ, էլ պետք չէր, մեռավ, 2 ժամ հետո նոր եկավ շտապօգնության մեքենան: Ուզում ենք, որ գյուղում լինի շտապօգնության մեքենա»,- ասաց բնակիչը:

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Արագածավանի բնակիչները պետք է Ջրային կոմիտեի հետ պարզեն իրենց հարաբերությունները՝ կապված ոռոգման սակագնի հետ: Նա հայտնեց, որ խնդրի այլ կողմ էլ կա. «Այս մարդիկ ասում են, ջուրը տվեք՝ այգիները ջրենք, հետո կվճարենք, մենք այս պահին չենք կարող գումար տալ, թե երբ կտանք, չգիտենք»,- ասաց փոխմարզպետը, և ավելացրեց, որ իր կարծիքով՝ իմաստ չունի ճանապարհ փակել. «Այդտեղ փակած 30 ցուցարարներից 25-ին դեմքով արդեն ճանաչում եմ, իրենք եկել են մարզպետարան, և չի եղել այնպիսի դեպք, որ բողոքողներից որևէ մեկը գա, ինձ հետ հանդիպի, ես իրեն 10 րոպե սպասեցնեմ»։

Նրա խոսքով՝ մարզպետարանի աշխատակիցները Արագածավանում 2 անգամ հանրային քննարկում են անցկացրել. «Համայնքի ղեկավարից այսօր ստացել են գրություն, պատրաստվում ենք քննարկում ունենալ Ջրային կոմիտեի աշխատակիցների հետ, նրանց հետ կգնանք Արագածավան համայնք, մշակույթի տանը կունենանք հանդիպում բնակիչների հետ, կլսենք իրենց առաջարկները, և մենք էլ մեր տեսակետները կառաջարկենք»,- ասաց  փոխմարզպետը:

Անդրադառնալով շտապօգնության խնդրին՝ նա ասաց, որ այդ դեպքի մասին լսում է առաջին անգամ. «Շատ տարօրինակ է, որ նման բան եղել է, ու մենք տեղյակ չենք: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա մարզպետարանը ամեն հնարավոր բան կանի՝ հարցը լուծելու համար: Համայնքն ունի ամբուլատորիա, որը գտնվում է տեղական  ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ»,- ասաց  Գառնիկ Աթանեսյանը: