Մենք այս հեղափոխության կրողներն ենք, մասնակցել ենք հեղափոխությանը, և այդ եղածը փոխելու իրողությանը, եթե մենք համաձայնվեինք նախկին ռեժիմին, չէինք գնա հեղափոխությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԲՀԿ–ն միանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած՝ ձևավորվող ընդդիմադիր բևեռին։
«Եթե գնացել ենք հեղափոխության, ուրեմն այդ խոսքերը մեզ ուղղված չեն»,- ասաց նա:
Բագրատյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ այսօր եթե ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ, ուրեմն պայքարում է ժողովրդի դեմ։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը ժողովրդի և պետության մասն է. «Իսկ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունը քաղաքական պայքարի բովանդակություն պետք է ունենա: Ընդդիմության դերը պետք է լինի իշխանությանը վերահսկելը, պահելը օրենքի շրջանակներում, և անընդհատ ստեղծել հարթակներ՝ իշխանությանը զգոն պահելու համար»,- ասաց Բագրատյանը:
Պատգամավորը համաձայն չէ նաև այն կարծիքի հետ, որ նախկինում ընդդիմությունն իր դերը լավ չի կատարել։ Նա վստահեցրեց, որ իրենք են ժամանակին տապալել Հանրապետական իշխանությանը. «Երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսել էր քայլել, մեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ ժողովրդին դեռ պատրաստել է պետք ամբիոնից, այն բոլոր երևույթների մասին, որ մենք չենք ընդունում, խոսել ենք ամբիոնից»,- ասաց նա:











