Հռետորականությունից այն կողմ մենք պետք է ստեղծենք պետություն՝ ընդգրկելով կուսակցություններ, կազմակերպություններ և քաղաքացիներ, այլ ոչ թե սևի-սպիտակի բաժանելով և վանելով: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պետք է տարվի ներառական ներքին և արտաքին կադրային քաղաքականություն, հակառակ դեպքում՝ սուպերկուսակցապետությունը սպանելու է ապագա հնարավորությունները. «Հանրային ծառայողը պետք է հասկանա, որ ինքը ծառայում է սահմանափակ ժամանակահատված, և եթե որևէ կուսակցություն կարծում է, որ իրենով սկսվում կամ վերջանում է հայոց պատմությունը, դա բումերանգի նման գալու է, խփելու է հենց իրեն և պետությանը»:
Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանության կադրերը երիտասարդ և անփորձ են. «Բայց նաև բարի մաղթանքի և բարի խորհուրդի ներուժ ունեն, ուզում եմ, որ մենք ուղեկցենք այս երիտասարդ սերնդին, որ ինքը շատ չշեղվի, ինքնահավան չդառնա և զերծ մնա անցածների կրկնությունից»:
Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքականությունից չի հեռանալու, պարզապես տեղը զիջելու է նոր սերնդին. «Աստվածաշունչն ասում է՝ ամեն ինչը եղանակ ունի. կա խոսելու, կա լռելու ժամանակ: Ես հակաաթոռական եմ եղել, ինձ համար աթոռը մի կաթիլ արյուն չէր արժենում, և դրա համար ես ուրախ եմ, քանի որ կամաց-կամաց մենք ունենում ենք իրավական պետություն»:











